Comments are off for this post

Բիզնեսի փաթեթավորում


«Բիզնեսի փաթեթավորում» ասելով նկատի չունենք միայն ապրանքի արտաքին ձևավորումը. բիզնեսի փաթեթավորումն ավելի լայն հասկացություն է:

Փաթեթավորումը դա որոշակի նյութական ու ոչ նյութական կրիչների վրա Ձեր բիզնեսի իմաստային ու վիզուալ ներկայացումն է: Նյութական կրիչներ են գրասենյակը, բուկլետները, ապրանքի արտաքին տեսքը, այցեքարտերը, մարքեթինգային նյութերի փաթեթը (marketing kit), իրազեկման թռուցիկները, աշխատակիցների հագուստը և այլն: Ոչ նյութական կրիչներից են ընկերության կայքը, սոցիալական ցանցերում էջերը, հոդվածներն ու ռեպորտաժները լրատվամիջոցներում և այլն: Վերոնշյալ բոլոր հարթակներում Ձեր բիզնեսը ներկայացնող իմաստների ու ձևերի խումբը փաթեթավորումն է:

Փաթեթավորումը մարքեթինգային գործիք է, և փաթեթավորումից է կախված, թե ինչ պատկերացումներ, էմոցիաներ, ասոցացիաներ կստանան հաճախորդները Ձեր ապրանքի հետ առընչվելուց. ի՞նչ ռեակցիա կտան, կհետաքրքրվե՞ն, թե՞ չեն էլ նկատի, փորձելու ցանկություն կունենա՞ն, թե՞ ոչ, կտարբերե՞ն այլ պրոդուկտներից, թե՞ ոչ, կպատմե՞ն իրենց ծանոթներին պրոդուկտի մասին և այլ նմանատիպ հարցեր:  Հետևաբար, փաթեթավորումը կարող է Ձեր բիզնեսի ծաղկման կամ անկման պատճառ դառնալ:

Արդյունավետ փաթեթավորման համար անհրաժեշտ է պահպանել մի քանի սկզբունք.

· Պոտեցնիալ գնորդների թիրախային խմբին համապատասխանող դիզայն,

· Ոլորտում մրցակիցներից առանձնանալու հնարավորություն,

· Բրենդի արժեքը փոխանցելու կարողություն:

Օրինակ, իսպանական ժամերի հայտնի Festina ընկերությունն իր ջրակայուն մոդելներից մեկի համար որպես փաթեթավորում ընտրել է թափանցիկ, ջրով լի տարայի մեջ ժամացույցի ներկայացման տարբերակը:

Համաձայնեք, որ նմանատիպ փաթեթավորումը և՛ ուշադրություն է գրավում, և՛ համապատասխանում է ջրակայուն ժամացույց փնտրողների հետաքրքրություններին, և՛ փոխանցում է բրենդի արժեքավոր լինելու գաղափարը:

Փաթեթավորումը կարող է լինել կամ «կամուրջ», որի վրայով հաճախորդը գնում և ստանում է Ձեր ապրանքը կամ «խրամատ», որը փռված է Ձեր պրոդուկտի ու հաճախորդի միջև:

Փաթեթավորումը վերածվում է «խրամատի», եթե փաթեթավորմանը նայելիս հաճախորդի համար պարզ չէ, թե ինչ է ստանալու գնումից հետո, եթե պրոդուկտը չի առանձնանում մրցակիցներից, եթե ուղղակի դժվար է պրոդուկուկտի մասին իմանալը և այլ նմանատիպ դեպքերում:

Հիշում եմ, մի անգամ ցանկանում էի գովազդի ժամանակ գնել ռադիոկայաններից մեկում և հանդիպեցի փաթեթավորման «խրամատի»: Սկզբում գտա ռադիոկայանի կայքը, բայց գովազդային բաժնի համարը չկար: Հետո զանգեցի նշված համարով, բայց ոչ ոք չէր պատասխանում: Փորձեցի ֆեյսբուքյան էջից կոնտակտներ գտնել, բայց ապարդյուն: Երկու օր փորձելուց ու տարբեր մարդկանց հետ շփվելուց հետո գտա տվյալ ընկերության գովազդի պատասխանատուին, ով շատ չոր ու կարճ ներկայացրեց սակագները: Սա փաթեթավորման «խրամատի» օրինակ է, քանի որ տվյալ ռադիոկայանի գլխավոր պրոդուկտին` ժամանակի սակագներին ծանոթանալու («խրամատը» հաղթահարելու) համար երկու օր պահանջվեց, իսկ երբ վերջապես հասա իմ նպատակին` հարցերին կարճ ու չոր պատասխանելուց բացի, ոչ մի փարձ չարվեց ինձ գնորդ դարձնել:

Փաթեթավորումը  «խրամատ» է նաև այն դեպքում, երբ ապրանքի վրա նշված չեն պատճառները, թե ինչու հաճախորդը պետք է գնի այն, երբ կայքը պարզ ու ընկալելի չէ, երբ աշխատակիցները կոպիտ են պատասխանում հաճախորդի հարցերին, երբ պրոդուկտը չի առանձնանում մրցակիցներից և այլն:

Եթե բիզնեսի փաթեթավորումը «խրամատ» է, ապա այդպեսի դեպքում կարող է գոյատևել միայն մրցակցություն չունեցող կամ կոռուպցիոն խողովակներով առաջ մղվող պրոդուկտը: Այն էլ դժվարությամբ և ոչ միշտ:

Փաթեթավորման ձևավորումը սկսելուց առաջ անհրաժեշտ է նախապատրաստական աշխատանք, որը ենթադրում է ստորև ներկայացվող քայլերի հերթականությունը.

· Փաթեթավորումը պետք է իրականացնի կամ խորհրդատվություն տա բիզնեսը ներսից ու դրսից հասկացող անձնավորություն,

· Փաթեթավորումը սկսելուց առաջ անհրաժեշտ է մշակել, թե ինչ ենք ուզում ասել, ինչ իմաստ, ինչ հաղորդագրություն (massege) ենք ցանկանում փոխանցել հաճախորդին,

· Ինչ-որ պատմում ենք հաճախորդին վաճառքի ժամանակ, նույնը պարզ ու հասկանալի պետք է լինի փաթեթավորման վրա:

Փաթեթավորման գլխավոր խնդիրն է այնպես ներկայանալ, որ թիրախային լսարանի համար Ձեր պրոդուկտը չգնելը, ծառայությունից չօգտվելը հիմարություն ընկալվի: Այդ արդյունքի կարելի է հասնել առավելությունների նկարագրությունով, երաշխիքի տրամադրմամբ, մրցակիցներից դիզայնով ու նորարարություններով տարբերվելով, երկուսը մեկում վաճառելով և այլն:

Մեր իրականությունում հանդիպող փաթեթավորման ամենամեծ խնդիրներից է այն, որ այն կապ չունի իրականության հետ: Այսինքն, փաթեթավորումը կամ իրականությունից ավելի լավն է կամ ավելի վատը: Օրինակ` փաթեթավորումը ներկայացվում է, որ սնունդը էկոլոգիապես մաքուր է, սակայն իրականությանը չի համապատասխանում կամ հակառակը` էկոլոգիապես մաքուր պրոդուկտ է, բայց փաթեթավորման մեջ այդ մասին հիմնավորումները հստակ չեն:

Կարևոր է, որ փաթեթավորման հետևում տեսանելի լինեն իրական մարդիկ, իրական օգտվողները, իրական ստեղծողները: Իրական մարդկանց առկայությունը վստահություն է ներշնչում ապրանքի նկատմամբ և հաճախորդի ու պրոդուկտի միջև «կամուրջի» դեր է կատարում:

Փաթեթավորումը պետք է տա բիզնեսը ներկայացնող հետևյալ հարցերի պատասխանը.

• Նյութական տեսնկյունից ի՞նչ է իրենից ներկայացնում Ձեր բիզնեսը,

• Ինչպե՞ս է ստեղծվել, ի՞նչ նպատակներով,

• Մարդկային ռեսուրսների տեսանկյունից ի՞նչ է իրենից ներկայացնում,

• Ինչո՞վ է զբաղվում, ի՞նչ խնդիրներ է լուծում,

• Ի՞նչ են մտածում, խոսում, գրում Ձեր պրոդուկտի մասին,

• Ի՞նչ կարելի է վստահել Ձեզ,

• Ի՞նչ պրոյեկտներ է արել, ի՞նչ պատմություն ունի Ձեր պրոդուկտը,

• Ինչպե՞ս է ընթանում համագործակցությունը Ձեզ հետ,

• Ինչու՞ Ձեզ պետք է վստահեն,

• Ինչո՞ւ հատկապես Ձեզ պետք է ընտրի հաճախորդը:

Վերոնշյալ հարցերի պատասխանները կարող են լինել ինչպես տեքստի, այնպես էլ նկարների, գույների, սերտիֆիկատների, տեսանյութերի ու երաշխավորագրերի տեսքով:

Կարևորն այդ ամենը ներկայացվի այնպես, որ հասանելի ու պարզ լինի գնորդի համար, որպեսզի Ձեր փաթեթավորումը չխոչընդոտի հաճախորդին գնորդ դառնալ ցանկությանը, այլ հակառակը` խրախուսի:

Վահրամ Միրաքյան

Facebook Comments

Comments are closed.

Լավագույն մարքեթինգային հոդվածները
Ձեր էլ․հասցեին
Ձեր տեղեկատվությունը երբեք չի տրամադրվի երրորդ անձի: