Ինֆոգրաֆիկան մարքեթինգում

Comments are off for this post

2015-Untitled_393691291Ինֆոգրաֆիկան գրաֆիկայի միջոցով տեղեկատվության փոխանցումն է, որի նպատակն է բարդ տեղեկատվությունը ներկայացնել լսարանին պարզ ու հետաքրքիր տարբերակով: Ինֆոգրաֆիկան կարող է լինել ինչպես տեսանյութերի, այնպես էլ գրաֆիկական նկարների տեսքով: Ամփոփ մեկնաբանմամբ՝ ինֆոգրաֆիկան դիզայնի, տեքստի ու վերլուծության խառնուրդ է:

Ինֆոգրաֆիկայի դերն ու նշանակությունը գնալով կարևորվում է, քանի որ մեծանում են տեղեկատվական հոսքերը: 21-րդ դարը մեծ ծավալների տեղեկատվության ժամանակաշրջան է, իսկ տեղեկատվական մեծ հոսքերի հետ մեկտեղ առաջանում են այնպիսի գործիքների անհրաժեշտություն, որոնք օգնում են մատչելի լեզվով այդ տեղեկատվությունը մատուցել լսարանին: Այդ գործիքներից մեկն էլ ինֆոգրաֆիկան է: Ինֆոգրաֆիկան մեծացնում է հավանականությունը, որ Ձեր նյութն ու բարդ տեղեկատվությունը կդիտեն և կտարածեն:

Ինֆոգրաֆիկան լինում է տարբեր տեսակի.

Վիճակագրական ինֆոգրաֆիկա: Վիճակագրական ինֆոգրաֆիկան ինֆոգրաֆիկայի ամենատարածված տեսակներից է: Եթե Ձեր բիզնեսի ոլորտում կա հետաքրքիր հետազոտություն, որտեղ շատ են բարդ ու խճճված թվերը, ապա ինֆոգրաֆիկան այդ ամենը ներկայացնելու ամենալավ տարբերակներից է: Ինֆոգրաֆիկայով ներկայացվող վիճակագրությունն ավելի արդյունավետ է տարածվում լրատվամիջոցներով:

Քարտեզ: Քարտեզով ներկայացվող ինֆոգրաֆիկան հարմար է ինչպես բլոգներում, սոցիալական ցանցերում տարածելու համար, այնպես էլ տպագիր տարբերակով: Քարտեզ ինֆոգրաֆիկան կարող է լինել ինչպես տեսանյութի, այնպես էլ պատկերի տեսքով:

Հիերարխիկ ինֆոգրաֆիկա: Այս տարբերակը շատ տարածված է կազմակերպության ներքին կառուցվածքը, շուկայի բաղադրիչները կամ կառուցվածքային այլ տեղեկատվություն դասակարգելու համար: Հիերարխիկ ինֆոգրաֆիկան հաճախ ներկայացվում է բուրգի տեսքով:

Մատրիցա: Մատրիցայի միջոցով ներկայացվում է հիմնականում նույն թեմայի վերաբերյալ բարդ ու մեծ ծավալով տեղեկատվությունը: Այս լուծումն ավելի արդյունավետ է տեխնիկական կրթությամբ թիրախային լսարանի համար:

Ֆոտո-ինֆոգրաֆիկա: Ֆոտո-ինֆոգրաֆիկան հարմար է ինչպես նորաձև ամսագրերի, օնլայն հարթակների, այնպես էլ ինտերիերի ձևավորման համար: Սպասասրահում տեղադրված հետաքրքիր ֆոտո-ինֆոգրաֆիկան կարող է հետաքրքրել այցելուներին, օգնել վաճառքների հարցում:

Համեմատություն: Համեմատությունը ինֆոգրաֆիկայի հերթական ամենատարածված մեթոդներից է: Համեմատելը հետաքրքրություն է հաղորդում ցանկացած թեմայի: Ինֆոգրաֆիկայի միջոցով համեմատել հնարավոր է ամեն ինչ` թեյ ու սուրճ, ծխող ու չծխող, մեքենա վարող ու հեծանիվ, Հայաստան ու Վրաստան և այլն: Համեմատությունն ինտրիգ ու հետաքրքրություն է մտցնում թեմայի մեջ:

Քանի որ մարդիկ սիրում են վերլուծական, վիճակագրական տվյալներ` ինֆոգրաֆիկան վիրուսային տարածման պոտենցիալ ունի: Բացի այդ, ինֆոգրաֆիկայի առավելություններից է նաև այն, որ այն հնարավոր է օգտագործել ինչպես օնլայն, էլեկտրոնային, այնպես էլ օֆլայն հարթակներում:

Վահրամ Միրաքյան

Facebook Comments
Լավագույն մարքեթինգային հոդվածները
Ձեր էլ․հասցեին
Ձեր տեղեկատվությունը երբեք չի տրամադրվի երրորդ անձի: