Մեկնաբանություններ Չկան

Հայաստանից Դուբայ․ Մի բիզնեսի պատմություն

Մերօրյա  հաջողակ բիզնեսմեններից շատերը իրենց ուժերն են փորձել նաև  արտասահմանյան շուկաներում, ինչը կրկնակի և եռակի մեծ դժվարություն է ներկայացնում մարդու համար։ Այդպիսի մի դժվար, բայց հաջողակ բիզնեսի ուղի է ունեցել «Ինորի» և «Միրաի» զարդերի խանութների հիմնադիր տնօրեն Վահե Զաքարյանը, ով իր պատմությամբ կիսվեց Չոր մարքեթինգ թիմի հետ։

Կպատմե՞ք ինչով եք զբաղվել նախքան զարդերի բիզնեսը։

Մասնագիտությամբ գրաֆիկ դիզայներ եմ, բայց  մինչև իմ  մասնագիտությամբ զբաղվելը, ուսանող տարիներին, լրագրող եմ եղել, հաղորդվար եմ եղել հանրային ռադիոյում, հեռուստատեսությունում։ Դրանից հետո  խանութներում եմ գործունեություն ծավալել։ Հետո որոշեցի առանձնանալ, առանձին բիզնես ծավալել։ Բայց այդ ընթացքում  որոշեցի սկսել իմ մասնագիտական գործունեությունը։ Ունեի դիզայնի, տպագրության, արտաքին գովազդների ընկերություն, զբաղվում էի դիզայնով։  Մի քանի տարի աշխատել եմ այդպես, հետո որոշեցի ավելի խորանալ բիզնեսի  ոլորտում։

Ինչպե՞ս եղավ գաղափարը։

Մտածում էի այնպիսի բիզնես դնել, որ պահեստ չունենար, քանի որ մինչ այդ, որ  աշխատում էի, պահեստային գործունեություն էր։ Ուզում էի, որ պահեստը  գոնե  փոքր լիներ, շատ մեծ ծավալներ չլինեին և այլն և այլն։ Այդպես կենտրոնացա ոսկու վրա, բայց ոսկին ավելի բարդ էր ու շատ ներդրում էր պահանջում, իսկ այդ ժամանակ աշխատում էի ձեռքի ծախսի գումար։ Այդպես  որոշեցի որպես ավելի մատչելի տարբերակ ընտրել  բիժուի ոլորտը, սկսեցի այդ ուղղությամբ աշխատել։  Բավական երկար ժամանակ ինչ-որ ընկերություն էի ման գալիս, որ կարելի էր բերել Հայաստան, ներկայացուցչություն բացել և այլն։ Ու այդ ընթացքում աշխատում էի 2 տեղ, ընթացքում ինչքան գումար հնարավոր էր հավաքում էի։ Գալիս էի տուն  ու օրվա վերջում ինչքան գումար կար գրպանումս գցում էի կասի մեջ: Այն ժամանակ կնոջս հետ դեռ ամուսնացած չէինք, բայց ընկերություն անում էինք  և այդպես գումար էինք  հավաքում։ Այդպես մոտավորապես 3000 դոլլլար հավաքեցինք, ու այդ ընթացքում  արդեն  «Ինորի»-ի հետ բանակցությունների մեջ էինք։ Առաջին պատվերը արեցինք 2009 թ-ին։ Առաջին կետը բացեցինք Տաշիրում։ Այն ժամանակ մոլեր չկային, միակ  մոլը համարվում էր դա։ Այնտեղ բացեցինք, բայց սկզբում չարդարացրեց սպասելիքները։ Ես ընթացքում  սկսեցի տարածք ման գալ և պողոտայում լավ տարածք գտա։ Այդ ժամանակ էլ  շատ վտանգավոր  ընթացք էր, որովհետև 2008 թվականից համաշխարհային ճգնաժամ էր, իսկ Հայաստան  ավելի ուշ՝  2009-ին եկավ։ Այդ ժամանակ էլ Թումանյան փողոցը վերանորոգման մեջ էր։ Խանութը հյուսիսային պողոտա Թումանյան խաչմերուկում էր ու բոլորը ասում էին. «Ռիսկը շատ մեծ է, դժվար կլինի, չես կարող, մի սկսի, բայց չլսեցի ու գնացի այդ ռիսկին։ Առաջին 6 ամիսը  դժվար էր, բայց  կարողացանք այնպես անել, որ վնասներով դուրս չգանք։  Եվ սկսեցինք արդեն կամաց-կամաց  տարածվել։ Մի քիչ դժվարությունը այն էր, որ հայերը սիրում էին ոսկի, արծաթ, չգիտեին պողպատը ինչ է։ Մինչև բացատրեցինք, որ հակաալերգիկ է, չի գունաթափվում, որ  որակը լավն է, բավական երկար ժամանակ անցավ։ Գնեցին, օգտագործեցին, տեսան,  ու այդպես սիրվեց ապրանքը։ Մինչև 2013թ-ը շատ-շատ լավ էր։ Այդ ընթացքում 2011թ-ին, երբ գործերը սկսեց լավ գնալ, որոշեցի դուրս գալ, տարածվել մի քիչ ավելի միջազգային շուկա ու այդ ընթացքում մտածում էի Հայաստանից դուրս բիզնես անելու մասին, բայց  կոնկրետ այդ ոլորտով չէի խորանում, ցանկանում էի ավելի շատ  մասնագիտական  ուղղով աշխատել։ Մտածում էի Կիպրոսում ինչ-որ դիզայնի ընկերություն բացել, որովհետև այնտեղ այդ աշխատանքը բարձր էր վճարվում։ Բայց մի օր մանկության ընկերիցս մեկին տեսա, ծրագրերիս մասին պատմեցի։ Ինքն էլ Դուբայում էր ապրում, նոր էր տեղափոխվել այդ ժամանակ, հարցրեց թե  Դուբայի մասին ինչո՞ւ չեմ մտածում, ասեց  ազատ գոտի է, հարկեր չկան, շատ ավելի միջոցներ կան, ճշտի՛ր,  ուսումնասիրի՛ր շուկան, կարող է այնտեղ ավելի լավ լինի։ Այդպես  սկսեցի հետաքրքրվել Դուբայով, ինչը հնարավոր էր այստեղից ճշտեցի, ինչը հնարավոր էր ծանոթներով և այլն և այլն։ 2011թ-ից մեկնեցի Դուբայ, բնակվեցի ու սկսեցի գործունեություն ծավալել։ Այնտեղ սկզբում ամեն ինչ լավ էր, ամեն ինչ շատ գունավոր էր երևում։ Սկզբում շուկա ուզում էի մտցնել «Ինորի»-ն, սակայն հետո խնդիրներ եղան  Դուբայի մոլի հետ կապված։ Դրա համար փոխեցի և շուկա մտա մեր մյուս բրենդով՝ «Միրաի»-ով։  Հետո Դուբայում մի քիչ դժվարություններ եղան։ Սկսեցի մասնակցել ցուցահանդեսների, թե՛ Դուբայում թե՛ տարբեր երկրներում։ Այդպես հասել ենք  մինչև Ավստրալիա։ Հետո կամաց-կամաց, որ մտանք այդ շուկա, դժվարությունները ու խնդիրները արդեն սկսեցին ի հայտ գալ։  Շատ հեշտ է հնչում այնտեղ՝ հարկեր չկան, ազատ գոտի է։ Բայց այնքան գումար ես ծախսում լիցենզիայի ու մի շարք գործերի վրա, որ  գալիս նույն հարկն է կանգնում։ Այնտեղ նայում էիր մոլերը շատ լավ աշխատում են, բայց բացարձակ չես կարողանում մտնել այդ մոլերը, որովհետև, մի քիչ լուրջ խնդիր է, չեն թողնում այլազգիներն առաջ գնան, ու այդ ամենը դու հասկանում ես այն ժամանակ, երբ արդեն այնտեղ ես, ներդրում ես արել, գումարներ ես ծախսել ու ետ գալու ճանապարհ չունես։  Իսկ դրա մասին, բնականաբար,  նախորոք քեզ ոչ ոք ոչինչ չի ասում։ Հետո այնտեղ օրենքները փոխվեցին, խստացվեցին, սկսեցին արտասահմանցիներին մի քիչ ավելի չոր օրենքներով վերաբերվել, մեծ գումարներով տուգանքներ եղան վրաս։ Հետո այստեղ 2012թ-ից բացվեց Դալմա մոլը, այնտեղ մասնաճյուղ բացեցինք, ունեինք 2 կետ։ 2011-ից մինչև 2015թ-ի կեսը մնացինք Դուբայում, մինչ այդ այստեղ  եղբայրս էր ղեկավարում ամենը, մենք էլ այնտեղից տեսախցիկներով, համացանցով, սկայպով փորձում էինք հետևել։ Իհարկե դժվար էր, բայց անհնարին չէր։  2015թ-ին նաև Մոսկվայում կետ բացեցինք, բայց էլի շատ վատ ժամանակում։ Հենց բացեցինք մի ամիս հետո ռուբլին կրկնակի բարձրացավ։ Ու  խանութը տարի ու կես պահելուց հետո հասկացանք, որ արդեն վնասով ենք աշխատում և ստիպված փակեցինք։ Հետո տեղափոխվեցինք Իսրայել՝ ապրելու։ Մտածում էի այնտեղ էլ ինչ-որ գործունեություն ծավալել, բայց դուրս չեկավ այնտեղ ապրելը, որոշեցի  մշտական վերադառնալ  Հայաստան, ապրել այստեղ։ Ավելի լավ է մեր երկիրը զարգացնենք, քան՝ ուրիշներինը։

Կնկարագրե՞ք բիզնեսի ներկայիս վիճակը։

Հիմա ունենք երեք կետ Հայաստանում։ Երևան Մոլը, Դալման և Աբովյան Թումանյան խաչմերուկում գտնվող մասնաճյուղը։ Հիմա արդեն մի քանի ուրիշ մտքեր ունեմ, ծրագրեր ունեմ տարբեր ոլորտներում։ Խորացած եմ մեկի վրա, շուտով կլսեք այդ մասին։

Եղե՞լ են արդյոք  այնպիսի խնդիրներ Դուբայում, որոնք չէին առաջանա Հայաստանի դեպքում։

Մի պարզ բան ասեմ․ Դուբայում որ ընկերություն ես բացում, տևում է մոտավորապես երկու ամիս, ներդնում ես մոտ 10000 դոլլար գումար, իսկ Հայաստանում, որ ուզում ես ընկերություն բացել, տևում  է 15 րոպե և 2000 դրամ։

Այնտեղ տեղաբնիկների հետ ինչպե՞ս է եղել շփումը։

Շատ լավ։ Իմ բախտը բերեց, իմ մանկության ընկերը ինձ ծանոթացրեց մի շատ լավ արաբի հետ, բավական ազդեցիկ մարդ էր եղել ժամանակին։ Շատ պարտաճանաչ, շատ ազնիվ ու  լավ մարդ էր, ու շատ հարցերում ինձ օգնեց, հենց մեկը տուգանքների հետ կապված։ Իսկ այնտեղ էլ, ինչպես մնացած բոլոր երկրներում, բացահայտ կաշառք չկա, բայց ծանոթությունը մեծ նշանակություն ունի։ Եթե քեզ համար զանգեն, ինչ-որ բան ասեն, հաստատ առավելություն ես ունենում։

Ի՞նչ  բիզնեսով  խորհուրդ կտաք զբաղվել այստեղի երիտասարդներին։

Այստեղ ուղղակի մի մեծ խնդիր ունենք, Քանի որ բնակչությունը շատ քիչ է, շուկան շատ փոքր է ։ Հայաստանում պետք է անել  կամ այնպիսի բան, որ դեռ չեն արել, նույնիսկ արել են, բայց թերի են արել ՝ իսկ այդպիսիք շատ են,  կամ ինչ-որ բան ստեղծես, արտադրես և արտահանես դուրս։ Դա ամենալավ  տարբերակն է, որի մասին մտածում եմ  նաև ես։ Այսօր, ինչքանով որ ես եմ տեղյակ, կառավարությունն էլ է խրախուսում   արդատրանքն ու արտահանումը։  Առաջ կային շատ դժվարություններ թե՛ հարկայինի թե՛ մաքսայինի հետ կապված։ Հիմա գնալով ինչ-որ լուծումներ են տալիս, փորձում են ավելի լավացնել։ Ես ինքս տարբերությունը հստակ տեսնում եմ, դեպի լավն ենք գնում, հուսանք որ մի քանի տարի հետո շատ-շատ ավելի լավ կլինի։

Ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց,  ովքեր արդեն ունեն բիզնես և փորձում են այն զարգացնել։

Թող գան Չոր մարքեթինգի կուրսերին [ժպտում է]։

Ունե՞ք ինչոր սկզբունքներ, որոնք չեք օգտագործի նույնիսկ հանուն բիզնեսի ։

Ինքս ամբիցիաներ չունեմ։ Առհասարակ աշխատում եմ չունենալ, որովհետև դրանք միշտ վնասում են թե՛ բիզնեսին և թե՛ անձնական կյանքում։ Բնական է, բոլոր մարդիկ ինչ-որ բնավորության գծեր ունեն։ Ես այդ վատ, խանգարող գծերը փորձում եմ  չօգտագործել, որովհետև ամեն ինչին խանգարում է։

Իսկ Ձեզ որպես մարդ ինչպե՞ս է փոխել բիզնեսը։

Բնական է շատ է փոխել, ու ավելի շատ փոխել են Դուբայում ապրած տարիները, որովհետև   իրականում կարևոր չէ հաջողվեց բիզնեսը, թե  չհաջողվեց, դա հարցի մյուս կողմն է, բայց դա, կարելի է ասել, մի  համալսարանի գիտելիք տվեց ինձ, որ անգամ արտասահմանում  սովորելիս այդքան գիտելիք  չէի ձեռք բերի։ Ճիշտ է,  կարելի է ասել, մի քիչ թանկ վճարեցի այդ ամենի համար, բայց շատ մեծ փորձ ու գիտելիք ստացա։ Հիմա, որ ետ եմ նայում, ինչ էլ, որ եղել է,  ես ոչնչի համար չեմ ափսոսում։

Եվ վերջում մի խորհուրդ բոլորին՝ մնացեք Հայաստանում և փորձեք անել այն ինչ արտասահմանում։

 

Զրուցեց՝ Միլենա Այվազյանը

 

Facebook Comments

Մեկնաբանություն

Լավագույն մարքեթինգային հոդվածները
Ձեր էլ․հասցեին
Ձեր տեղեկատվությունը երբեք չի տրամադրվի երրորդ անձի: