«Հաջողակ կին գործարար լինելու համար անհրաժեշտ է հավատալ կատարած աշխատանքի հաջողությանը». Մարիա Գաբրիելյան

Մեկնաբանություններ Չկան

Այս անգամ ձեզ ենք ներկայացնում հայկական շուկայում  իր ուրույն տեղը գտած «Ինորի» և «Միրաի» ընկերությունների պատմությունը: Թե  ի՞նչ ճանապարհ են անցել, ի՞նչ ծրագրեր ունեն ապագայում և ի՞նչ առանձնահատկություններ ունի զարդերի բիզնեսը, «Չոր մարքեթինգ» թիմին պատմեց «Ինորի» և «Միրաի» ընկերությունների հիմնադիր-տնօրեն Մարիա Գաբրիելյանը:

 

-Ինչպե՞ս որոշեցիք  մտնել բիզնես ոլորտ:

-Դեռ ուսանողական տարիներից միշտ ցանկացել եմ ունենալ սեփական բիզնես, լինել ավելի ինքնուրույն և անկախ: Եվ քանի որ աչքերիս առաջ ունեի ծնողներիս պատմությունը, թե ինչպես իրենք հիմնեցին հաջողակ բիզնես, ինչպես զարգացրին ու դարձան առաջատարը շուկայում,  նմանատիպ երազանքով էլ ես սկսեցի ապրել: Այն ժամանակ չէի պատկերացնում , որ իմ երազանքը այդքան շուտ կարող է իրականություն դառնալ.  ես 2-րդ կուրսում էի սովորում և հենց այդ ժամանակ էլ սկսեցի առաջին քայլերը անել:

-Ինչու՞ հենց զարդերի ոլորտը:

-Ունեի շատ բիզնես մտքեր, գաղափարներ, սակայն որոշեցի սկսել զարդերի բիզնեսից, քանի որ նախ ներդրում շատ չէր պահանջում,  շատ էր կապված նորաձևության հետ, նաև խորհրդանշում էր կանացիությունը, գեղեցկությունը: Եվ սկսելու համար, ինձ, որպես կին, որ փորձ չունեի այդ ժամանակ բիզնեսի մեջ, ինձ թվաց, որ դա ամենալավ և ամենահեշտ տարբերակներից է:

-Ի՞նչ ուղի եք անցել, մինչ հասնելն այն ամենին, ինչ այսօր ունեք:

-Անցել եմ մոտ 10 տարվա ճանապարհ:  Այս 10 տարիների ընթացքում եղել են ոչ միայն շատ հաջողություններ ու վերելքներ, այլ նաև դժվարություններ, սակայն ամբողջը հաղթահարել և հիմա հասել ենք նրան, ինչ ունենք: Ունենք սիրված և ճանաչված խանութ սրահ քաղաքի կենտրոնում՝ Աբովյան փողոցում, Դալմա մոլում և Երևան Մոլում: Ընթացքում մասնակցել ենք շատ ցուցահանդեսների և հիմա էլ շարունակում ենք մասնակցել թե՛ Հայաստանում, և թե՛ արտերկրում: «Ինորիի» և «Միրաիի» պաշտոնական ներկայացուցիչն ենք Հայաստանում: Ի սկզբանե բացվել ենք «Ինորի»-ով, հետագայում արդեն լայնացրել,  զարգացրել ենք տեսականին  «Միրաի»-ով, քանի որ այն  ուներ ավելի լայն տեսականի նաև տղամարդկանց համար:

-Կպատմե՞ք ձեր բիզնեսի մասին, մրցակցությունը ինչպիսի՞ն էր:

-2009 թվականին, երբ բացեցինք մեր առաջին խանութը Ինորիով, շուկան դեռ այդքան խիտ չէր տարատեսակ զարդերի խանութներով: Կային մի քանի շուկայում կայացած խանութներ և ուսումնասիրելով, տեսնելով՝ շուկայում ինչ բացեր կան, արդեն հասկացա, թե որ ուղղության վրա կարելի է լավ խորանալ և ինչ ուղղությամբ զարգացնել: Եվ, այսպիսով, ավելի տարբերվող և հետաքրքիր դիզայններով և նույնիսկ այլ աքսեսուարներով մեծ տեսականի ունեցանք տղամարդկանց համար: Այսպիսով շուկա մտանք ավելի լայն և ավելի հետաքրքիր տեսականիով, ավելի բարձր որակով, ինչպես նաև փաթեթավորումով և, ամենակարևորը, լավ սպասարկումով:

-Ի՞նչ առանձնահատկություններ ունի զարդերի բիզնեսը:

-Առհասարակ, զարդերի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ցանկյացած հասարակ զգեստ կարող են դարձնել շատ ավելի հետաքրքիր և շատ ավելի շքեղ: Եվ դրա հետ համատեղ մեր զարդերի առանձնահատկությունն այն է, որ շատ բարձր որակի են և չեն գունաթափվում, հակաալերգիկ են և այդպիսով ավելի երկարակյաց են:

-Ապագա ի՞նչ ծրագրեր ունեք:

-Ապագա ծրագրերից է էլ ավելի լայնացնել  տեսականին և  ինչու ոչ խանութները: Մոտակա պլաններից՝  կնքված է պայմանագիր, մասնակցելու ենք «Միսս ԱՊՀ» միջազգային մրցույթին որպես հովանավոր: Մի քանի ամիս առաջ մասնակցել էինք նաև «Միսս Հայաստան» մրցույթին որպես հովանավոր: Այժմ աշխատում եմ մեկ այլ բիզնես պրոյեկտի վրա, որի մասին  շատ շուտով ձեզ տեղյակ կպահեմ: Բավականին մեծ և հետաքրքիր բիզնես է լինելու: Հուսով եմ՝ մինչև Նոր տարի արդեն բաց կլինի:

-Ունե՞ք ոգեշնչման աղբյուր, որն օգնում է ձեզ առաջ գնալ այս ասպարեզում:

-Իմ ոգեշնչման աղբյուրը, այն մարդը որ ամենասկզբից աջակցել  ու օգնել է ինձ, եղել է եղբայրս ՝ Դավիթը: Նա ինձ շատ բաներ է սովորեցրել ի սկզբանե, և շարունակում է սովորեցնել: Օգնում է լինել ավելի ինքնուրույն և ճիշտ վարել բիզնեսը: Նա՝ որպես հաջողակ գործարար և խելացի մարդ, որը որ ճիշտ քայլեր է անում բիզնեսում և ճիշտ ստրատեգիկ որոշումներ է կայացնում, միշտ ինձ համար եղել է գործարարի իդեալական կերպար և միշտ ոգեշնչել է, որ ես հասնեմ ավելիին, ավելի մեծ բարձունքների: Մեծ ոգեշնչման աղբյուր է նաև  իմ աղջիկը, ընկերներս, հարազատներս: Մանավանդ աղջիկս, ում համար ես պատրաստ եմ ավելի մեծ վերելքների հասնել: Մեծ երազանք է եղել նաև հնարավորություն ունենալը՝ մարդկանց օգտակար լինելու և, հատկապես, օգնելու համար:

Հաջողակ կին գործարար լինելու համար պետք է հավատալ կատարած աշխատանքի հաջողությանը:

Զրուցեց՝ Լիլիթ Մելիքյանը

Facebook Comments

Մեկնաբանություն

Լավագույն մարքեթինգային հոդվածները
Ձեր էլ․հասցեին
Ձեր տեղեկատվությունը երբեք չի տրամադրվի երրորդ անձի: