«Պետք է ձգտում ունենալ և միշտ առաջ շարժվել». Միքայել Ափյան

Մեկնաբանություններ Չկան

Այս շաբաթ ձեզ ենք ներկայացնում հայկական արտադրության  մեջ  իր ուրույն տեղը գտած «Միկարտ» ընկերության պատմությունը: Թե  ո՞վ է այս ապրանքանիշի հետևում կանգնած, ու՞մ մտահղացումն է և ինչո՞վ են զբաղվում հիմա, «Չոր մարքեթինգ» թիմին պատմեց «Միկարտ» ընկերության հիմնադիր-տնօրեն Միքայել Ափյանը:

-Ինչպե՞ս ստեղծվեց բիզնես սկսելու գաղափարը:

-Բիզնես սկսելու գաղափար միշտ է եղել:  20 տարեկանից աշխատել եմ տարբեր կազմակերպություններում և առաջին օրվանից սկսած միշտ մտածել եմ,  որ պետք է սեփական բիզնես հիմնեմ: Ճիշտ է՝ դա եղավ 10 տարի անց՝ ինչ սկսել էի աշխատել, բայց միտքը վաղուց կար:

-Ինչու՞ ընտրեցիք հենց շինարարական ներկերի արտադրության և դռների ներմուծման ոլորտը:

-Սկզբնական փուլում զբաղվում էինք միայն ներկերի արտադրությամբ, դռների ներմուծմամբ ավելի ուշ սկսեցինք զբաղվել: Արտադրությունը հոգեհարազատ էր, ցանկանում էի հիմնել հայկական արտադրություն: Շինարարական ոլորտը ընտրեցինք, քանի որ շինարարությունը մի քանի առավելություն ուներ: Նշեմ դրանցից մի քանիսը. Այս պարագայում ժամկետի խնդիր այդքան էլ չկար, պատվիրատուներ գտնելը և սպառումն իրականացնելը ավելի հեշտ էր: Այս բիզնեսի մեջ ամենակարևորը լավ և ճիշտ տեխնոլոգիա իմանալն է, որին մենք տիրապետում ենք: Դրա համար ընտրեցինք շինարարական ոլորտը:

-Քանի՞տարի է որ զբաղվում եք այս գործով:

-Արդեն 3 տարի:

-Ի՞նչ դժվարությունների հանդիպեցիք սկզբնական փուլում:

Բոլոր նոր ընկերությունների նման մենք նույնպես հանդիպեցինք դժվարությունների: Դժվարությունը կայանում էր նրանում, որ մեր ընկերության հանդեպ դեռ վստահություն չկար, և քչերը գիտեին մեր կազմակերպության մասին,  որի հետևանքով դժվարանում էր մեր ապրանքը խանութներում ցուցադրելը: Սակայն, տարիների ընթացքում ամրապնդեցինք մեր դիրքերը շուկայում: Հիմա, տարիների փորձից ելնելով, խանութներում «Միկարտը» պահանջարկ ունի և վստահություն է ներշնչում:

-Ինչպես գիտենք «Միկարտ» ընկերությունը զբաղվում է շինարարական ներկերի վաճառքով ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին շուկայում: Կպատմե՞ք մի փոքր արտաքին շուկայում Ձեր ծավալած գործունեության մասին:

-Իրականում արտահանման գործընթացը կարճ է տևել,  սակայն դա լավ փորձ է եղել մեզ համար: Ապրանքը արտահանել ենք Ռուսաստանի Դաշնություն: Այնտեղ մեր ապրանքը շատ արագ վաճառվեց, բայց քանի որ մեր գործընկերը այլ ոլորտի մարդ էր, չկարողացավ հետագայում մեզ օգնել և մենք այլևս չուղարկեցինք ապրանք: Քանի որ Ռուսաստանի Դաշնություն արտահանման գործընթացը կանգնեց, որոշեցինք տարածվել Հայաստաում: Հիմա արդեն մտքեր կան արտերկրում գործընկերներ գտնելու:

-Ինչո՞վ է տարբերվում «Միկարտը» ընկերությունը մնացած շինարարական կազմակերպություններից:

-Ամբիցիաները շատ ավելի բարձր են, քան ուրիշ կազմակերպությունների մոտ:

-Հայաստանում «Միկարտ» ապրանքանիշը ներկայացնող խանութ չե՞ք նախատեսում բացել:

-Մի խանութ ունենք Վանաձորում: Այն բացել ենք Լոռու մարզի մեր ներկայացուցչին աջակցելու համար: Ծառայում է որպես խանութ-պահեստ: Ճիշտ է դռները շատ գեղեցիկ ցուցադրված են այնտեղ, բայց այդ խանութից վաճառքներ շատ չենք ակնկալում, քանի որ այն ավելի շատ պահեստ է, որտեղ հավաքում ենք մեր ապրանքները: Մյուս խանութները նախատեսում ենք բացել Երևանում և Գյումրիում, բայց դա հավանաբար 2018 թվականի գարնանը կլինի:

-Ինչպիսի՞ պլաններ կան ապագայում:

-Ապագայում ցանկանում ենք տեսականին մեծացնել, դուրս գալ արտաքին շուկա և ինչպես նշեցի Երևանում և Գյումրիում բացել «Միկարտը» ապրանքանիշը ներկայացնող խանութ-սրահներ:

Զրուցեց՝ Լիլիթ Մելիքյանը

Facebook Comments

Մեկնաբանություն

Լավագույն մարքեթինգային հոդվածները
Ձեր էլ․հասցեին
Ձեր տեղեկատվությունը երբեք չի տրամադրվի երրորդ անձի: