Մեկնաբանություններ Չկան

Հմտությունը որպես բիզնես. Excelist

 

Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատերերը պարբերաբար ծանոթանում են են Excelist ընկերության էջի թարմացումներին և հանդիպում որակյալ դասընթացների վերաբերյալ հաղորդագրությունների։ Մեկնաբանություններում հնչում են դրական արձագանքներ դասընթացներից և դրվատանքի խոսքեր դասընթացների կազմակերպման որակի վերաբերյալ։ Այս շաբաթ Չոր մարքեթինգ թիմը Ձեզ է ներկայացնում հաջողակ բիզնեսի մեկ այլ պատմություն՝ Excelist ընկերության հիմնադիր Մայիս Մարգարյանի մեկնությամբ։

Համացանցում պարբերաբար կարդում ենք Ձեր դասընթացների մասին։ Կպատմե՞ք գաղափարը ինչպե՞ս եղավ։

Ես այդ ժամանակ աշխատում էի բանկային համակարգում և աշխատակազմում աչքի էի ընկնում Excel-ի լավ իմացությամբ։ Առաջարկ եղավ, որ մյուս գործընկերներիս հետ էլ պարապեմ, ուժեղացնեմ իրենց, բայց քանի որ չէի ուզում և հնարավոր էլ չէր տուն հրավիրել, դասեր անցկացնել, միևնույն ժամանակ հնարավոր չէր նաև գնալ այդ անձանց տուն, աշխատավայրում էլ հնարավոր չէր, գաղափար առաջացավ առցանց դասընթաց կազմակերպել, այդտեղից էլ ժամանակի ընթացքում հետաքրքրությունը մեծացավ, առցանց խմբերն էլ մեծացան, ստիպված եղա արդեն վարձակալել տարածք, որտեղ արդեն անցանց խմբեր եմ հավաքել, դասեր եմ անցկացրել։ Հետո արդեն հետաքրքրություն առաջացավ ընկերությունների կողմից, և հիմա մենք ինչպես առցանց, այնպես էլ անցանց դասեր ենք անում, ինչպես լսարանում, այնպես էլ պատվիրատուի մոտ՝ եթե կան հարմարությունները, ինչպես առավոտ շուտ, այնպես էլ երեկոյան, այնպես էլ գիշերը՝ կախված պայմանավորվածությունից, դասընթացի բնույթից և այլն։

Իսկ մոտավորապես քանի՞ տարի է, որ զբաղվում եք այս գործով:

Ամեն ինչ սկսել է 2013թ․-ի դեկտեմբերի 31-ին՝ նոր տարուն, երբ ես որոշեցի էջ բացել։ Ամփոփում էի դրա անցած տարին, դժգոհ էի ինձնից, այլընտրանքներ էի ման գալիս։ Բացել եմ էջը և արդեն լրանում է 4-րդ տարին։

Կներկայացնե՞ք Ձեր բիզնեսի ներկայիս վիճակը։

Հիմա ունենք թիմ, ովքեր միասին ուսումնասիրում են Excel-ի տարբեր ուղղությունները, ինչ-որ առարկաներ ենք մշակում, բաց դասընթացներ ենք անում, որպեսզի հետաքրքրվածությունը բարձրանա։ Շուտով արդեն իր մասին ասել կտա MacroLab ծրագրավորական թիմը , որը տաղանդավոր Excelist-ների և ծրագրավորողների թիմ է։ Ստեղծում ենք և ստեղծելու ենք ավտոմատացման պրոդուկտներ, և դրա հիմքը եղել է Excelist-ը։ Ընդ որում այդ թիմի մի մասն էլ մեր ուսանողներն են։

Ի՞նչ խնդիրների եք հանդիպել բիզնեսի զարգացման ընթացքում:

Ոչ մի խնդիր չեմ ունեցել:

Իսկ Excelist-ի դասընթացները ի՞նչ հաճախությամբ են լինում։

Գրեթե ամեն օր դաս ենք ունենում, շատ ժամանակ օրը 2-3 անգամ։ Տարբեր առարկաներ կան՝ ըստ բարդության և ուղղության։ Հիմնական, ամենաշատ պահանջված առարկան խորացված Excel-ն է, որը տևում է մեկ ամիս, շաբաթական երկու անգամ` երկու ժամ տևող դասերով։ Գումարած առցանց խորհրդատվություն ենք տալիս դասերի ընթացքում, գումարած հնարավորություն ենք տալիս խմբի մասնակիցներին ընտրել առցանց մասնակցել դասին, թե անցանց։ Նույնիսկ անցանց դասերի ժամանակ մի քանի հոգի էլ առցանց է միանում դասերին։ Շատ հաջողված տարբերակ է։ Եվ ունենք խոշոր խումբ ֆեյսբուքում՝ 6200 հոգանոց, Excelist-ների մասնագիտական խումբ է։ Ուսանողները այդ դասերից հետո էլ կարող են խմբում իրենց հարցերը, քննարկումները տալ, խնդիրները դնել, խնդիրները լուծել։ Մասնագիտական շատ հզոր համայնք է։

Ապահովագրվա՞ծ է արդյոք Ձեր բիզնեսը նրանից, որ ժամանակի ընթացքում կարող է պահանջարկը ընկնել։

Որպես բիզնեսմեն ժամանակի ընթացքում, բնականաբար, այդ սցենարները հաշվի եմ առնում, անընդհատ աշխատում ենք մեր վրա, հետևում ենք համաշխարհային տենդենցներին։ Նույն Excel-ի գծով՝ հետևում ենք, թե ինչ ուղղվածություններ են առաջանում։ Նաև, բնականաբար, դուրս ենք գալու Excel-ից, արդեն Access-ի դասեր ենք տալիս։ Նույն Macro Lab-ը ինքնին արդեն դիվերսիֆիկացիա է, դա արդեն դասընթացի ծառայություն մատուցող ընկերություն չէ, այն տալիս է ծրագրային արտադրանք։
Կամ ևս մի քանի ոլորտներում, որոնք Excelist-ի հետ կապ չունեն։ Այդ ամենը հենց բխում է Ձեր հարցից, որ ամեն ճյուղն էլ պետք է անընդհատ զարգացնես, եթե ինչ-որ հասած մակարդակով բավարարվես, թուլանաս, շատ արագ կկորցնես դիրքերդ։

Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր ու Ձեր բիզնեսի ապագան Հայաստանում։

Ապագան պատկերացնում եմ անընդհատ նորարարական ուղղություններին հետևելով, անընդհատ արժեք ստեղծող բիզնես ստեղծելով, սոցիալական պատասանատվությամբ բիզնես ստեղծելով, լավ գործընկերների հետ ծանոթանալով, այս ամենը առաջ տանելով, նաև միջազգային շուկաներ հասնելով աշխատել ։ Ապագան պատկերացնում եմ այնպես, որ ամեն տարի երկնիշ թվերով աճ ունենանք, ինչպես ֆինանսական, այնպես էլ ոչ ֆինանսական ցուցանիշներով։

Ովքե՞ր են Ձեր դասընթացին մասնակցող հիմնական խմբերը։

Թիրախային խումբը տնտեսագետներն են, իսկ եթե ավելի բացենք փակագծերը՝ ֆինանսիստներ, աուդիտրներ, բանկիրներ, վերլուծաբաններ, մարքեթոլոգներ, մենեջերներ, սոցիոլոգներ, ինչու չէ, արդեն բժիշկներ։ Իմ հաճախորդի պրոֆիլի միջին տարիքը ՝ 26-27 տարեկան է, ովքեր բնակվում են հիմնականում Հայաստանում։ Սակայն ժամանակ առ ժամանակ դրսից՝ սփյուռքահայությունից էլ ենք ուսանողներ ունենում։ Այդ թևը պետք է զարգացնենք, քանի որ հայոց լեզուն գլոբալ առումով խոչընդոտ չի հանդիսանում նոր սփյուռքի համար։ Հաջորդը ռուսական շուկան է, կաշխատենք այդ ուղղությամբ։

Ունե՞ք այնպիսի ուսանողներ, որոնք դասընթացից հետո շարունակել են գործը, այսինքն իրենք իրենցն են սկսել։

Այո՛, ունեցել եմ։ Մասնագիտական խանդ չկա ընդհանրապես։ Եթե կլինեն ավելի լավ, ուրեմն փառք ու պատիվ իրենց։ Միևնույն ժամանակ լավ, արժանի մրցակիցների հայտնվելը ստիպում է անընդհատ զգոնանալ, և շատ աշխատել և էլ ավելի մեծ արդյունք տալ, որպեսզի պահես դիրքերդ։ Ամեն դեպքում, այն ժամանակ, երբ դրանով ոչ մեկ չէր զբաղվում, ես միշտ ինքս ինձ համոզել եմ, որ «դու ունես շատ մրցակիցներ, և պետք է այնպես աշխատես, ասես՝ թիկունքիդ շնչում են»։ Գրեթե միշտ այդպես է եղել․ աշխատել եմ այնպես, կարծես ունեմ շատ մրցակիցներ։

Ի՞նչ խորհուրդ կտաք այն երիտասարդներին, ովքեր ուզում են Հայաստանում նոր բան սկսել։

Խորհուրդ կտայի իրենց ժամանակը ճիշտ կառավարել, քանի որ երիտասարդ ժամանակ իրենք ունեն ամենամեծ ռեսուրսը ՝ ժամանակը, որը մենք չունենք, և այդ ռեսուրսի սակավությունից շատ ու շատ պրոյեկտներ այնպիսի արագությամբ չեն աճում ինչպես պետք է աճեին։ Իսկ ուսանողները, սկսնակները այդ ժամանակն ունեն։ Պետք է հետևեն տնտեսության կառուցվածքային փոփոխություններին, հասկանան, թե որ ոլորտներն են առաջադեմ, որոնք են երկար մնալու, որոնցում են հաջողության հասնելու, սովորեն, անընդհատ սովորեն, հեշտ չի լինելու, անընդհատ աշխատեն իրենց վրա, օտար լեզուներ սովորեն, շփվեն նոր պրոֆիլով բիզնեսմենների հետ։ Ի նկատի ունեմ ոչ թե խորոված-քյաբաբ վիճակները, այլ ակտիվ ապրելակերպով, աշխույժ, սոցիալական պատասխանատվությամբ, շատ գրագետ, շատ մոտիվացված, արագ աճող նոր սերնդի բիզնեսմենների հետ, որոնց պրոֆիլը ենթադրում է նաև ակտիվ շփում լայն հասարակության հետ, բարձրից չնայել, չառանձնանալ լայն մասսաներից։ Իրենք՝ այդ պրոֆիլի բիզնեսմենները, նույնիսկ շատ ավելի շատ են հակված օգնելու սկսնակներին։ Ու այդպիսի համայնքներ շատ կան։ Մեկը հենց չոր մարքեթինգն է, մեկը նեթվորք արշավականներն են, որոնց միջին տարիքը ավելի ցածր է։ Պետք է այդպիսի գրագետ մարդկանց հետ շփվեն, որովհետև իրականում կապերն էլ են շատ կարևոր։ Ամենակարևորը, խորհուրդ կտամ լինել պատասխանատու, այդ ռեսուրսն էլ է շատ-շատ սակավ, և բոլորի գլխացավանքն է դարձել։ Պատասխանատու կադրերի շատ-շատ են գնահատում, այդպիսի կադր գտնելը շատ ծանր է։ Այդ գծի վրա աշխատեն, լինեն պատասխանատու և մի քիչ, այսպես ասած, հնարամիտ և ճկուն։

Կներկայացնե՞ք, թե բացի Excelist-ից և MacroLab-ից ուրիշ ի՞նչ գործունեությամբ եք զբաղվում։

Գործունեություն եմ ծավալում տուրիզմի ենթակառուցվածքներում։ Այսինքն ուղղակիորեն տուրիզմում չկամ։ Տուր արտադրանք, ըստ էության, չեմ տալիս, սակայն ունենք Mersedes Sprinter մակնիշի ավտոմեքենա, որը օգտագործվում է տուրիստական էքսկուրսիաների կամ արշավների ժամանակ։ Ունեմ խոշոր էջ` Приключенческая Армения, որի հետևորդների կեսը արտասահմանից են, իսկ 20 տոկոսը՝ Ռուսաստանից։ Մոտ 25000 հետևորդ, որը վերջին կես տարում 60-65 տոկոս աճ է տվել՝ առանց գովազդի, որը արդեն ամսական 5-10 արտասահմանցի է բերում Հայաստան։ Նպատակ ունեմ այդ էջը դարձնել պլատֆորմ , որտեղ կհամագործակցեմ տուր ընկերությունների հետ, նրանց կցելով տուրիստներին, և այդ ամենից որոշակի դիվիդենտներ կստանամ։ Չգիտեմ` երբ կմտնեմ տուրիզմ կամ չեմ մտնի, դեռ չեմ որոշել։
Նեթվորք արշավները, սոցիալական պրոյեկտ է, որը երեք նպատակ ունի՝ շահույթով օգնել զինվորական հաշմանդամներին․ ամբողջ շահույթը դրան է գնում, բացահայտել զբոսաշրջային պոտենցիալով վայրեր և ակտիվացնել գյուղական տուրիզմը։ Լինում է 3-4 շաբաթը մեկ անգամ։ Ամբողջ աշխատող կազմը՝ ավելի քան 10 հոգի, կամավորներ են, սկսած մենեջեր-մարքեթոլոգից, վերջացրած թարգմանիչ, տոմսերի առաքիչ, նկարահանող, վիդեո մոնտաժողից։ Բոլորը կամավորներ են, բարձրակարգ մասնագետներ, բարձր աշխատավարձով, որոնք ըստ էության իրենց օգտակար լինելու պահանջմունքը իրացնում են այս հարթակում։ Մենք գնում ենք չբացահայտված տուրիստական պոտենցիալով վայրեր, այդ բնակավայրին նվիրում ենք տեսահոլովակ, պրոֆեսիոնալ սարքավորումներով, անօդաչուներով, 360 աստիճան տեսախցիկներով նկարահանած։ Նվիրում ենք այդ համայնքին, աշխուժացնելու համար այդ կողմի տուրիզմը։ Ծանոթանում ենք գյուղացիների հետ, նրանց համար տվյալների բազա ձևավորում, որպեսզի հետագայում օգնենք, համագործակցենք, թեկուզ գյուղմթերքի իրացման կամ տուրիստական գծով։ Բոլոր մասնակիցների մասին բավականին շատ ինֆորմացիա ենք հավաքում,տվյալների բազա ունենք՝ CRM, որը ևս օգտագործում ենք ակումբի ներսում՝ կոնվերսիայի համար։ Մասնակիցներն էլ համագործակցում են։ Բացի ֆինանսականից իրականում այս պրոյեկտում հազար տեսակի օգուտներ կան՝ ծանոթություններ, կապեր, ազդեցություն շատ հարցերի վրա։ Հիմնականում այսքանը, ևս մի քանի մտքեր կան, որոնք դեռ մտքեր են։

 

Զրուցեց՝ Միլենա Այվազյանը

Facebook Comments

Մեկնաբանություն

Լավագույն մարքեթինգային հոդվածները
Ձեր էլ․հասցեին
Ձեր տեղեկատվությունը երբեք չի տրամադրվի երրորդ անձի: